Մոտ 10 տարի է՝ ՀՀ-ում շինարարության ոլորտը անկում է ապրում, և 2016-ն այս առումով բացառություն չէ։ Անշարժ գույքի շուկայում ևս դրական զարգացումներ չեն արձանագրվում, ինչը բնական է: Այս շուկայի զարգացումը պայմանավորված է շինարարության ոլորտի զարգացմամբ և նորակառույցների սպառմամբ: Բայց քանի որ անշարժ գույքի և կադաստրի ոլորտի գործունեությունը շատ ավելի լայն է և ծավալուն և միտված չէ միայն անշարժ գույքի շուկայի վերլուծությանը, ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր քայլեր են իրականացվում, մասնավորապես օրենսդրական դաշտում, փորձ է արվում բարելավել համակարգի ծառայությունները։ Փորձագետների գնահատմամբ՝ իրականացվող փոփոխությունները նպաստում են ծառայությունների որակի բարձրացմանը։ Նշենք, որ 2016-ի նոյեմբերին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ։ Այս և համակարգում կատարված այլ փոփոխությունների շուրջ զրուցեցինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Նախ նշեմ, որ ընդունված փոփոխություններն ու լրացումները միտված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու վերաբերյալ հոդվածների մասով) դրույթները ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելուն,- ասաց պարոն Սարգսյանը:- Դրանք պայմանավորված են իրավակիրառ պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներն ու օրենսդրական բացերը կարգավորելու անհրաժեշտությամբ և ուղղված են համակարգի գործառույթների պարզեցմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների, սպասարկման որակի բարձրացմանը, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառմանը, գործունեության առավել թափանցիկությանն ու մատչելիության ապահովմանը: Այս վերջին փոփոխությամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները մասամբ փոխանցվել են նաև ՀՀ կառավարության լիազորված օպերատորներին, որոնց ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 27.10.2016 թ. թիվ 1109-Ն որոշմամբ, դրանք են՝ «Հայփոստը», «Արդշինբանկը», «Ամերիաբանկը» և «Կոնվերսբանկը»: Կառավարության լիազորած օպերատորներից բացի, դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ համայնքները: Ներկայումս նախատեսվում է կազմակերպել օպերատորների ուսուցում կոմիտեի ուսումնամեթոդական կենտրոն ՊՈԱԿ-ում, մշակվել են մեթոդական ցուցումներ՝ վերջիններիս վերապահված գործառույթները ճիշտ կազմակերպելու նպատակով: Ամփոփելով նշեմ, որ թե՛ նոտարներին, թե՛ օպերատորներին վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման, վարչարարությամբ ընդունված ակտը դիմողին տրամադրելու գործառույթներ: Նշված գործառույթների պատվիրակումը միտված է մեկ պատուհանի սկզբունքով բնակչությանը միասնական ծառայություններ մատուցելուն, ինչը ենթադրում է ոչ միայն ժամանակի, այլև ֆինանսների խնայողություն։
-Քանի որ այդ փոփոխությունները ուղղակիորեն առնչվում են նաև բնակչությանը՝ խնդրում եմ ավելի մանրամասն ներկայացնել առանցքային փոփոխությունները:
-Նշեմ, որ սահմանվել է ֆիզիկական անձանց և համայնքներին անվճար տեղեկատվություն, ինչը մինչև օրենքի փոփոխությունների ընդունումը նախատեսված չէր: Այսպիսով, ֆիզիկական անձինք կամ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց մասին կամ իրենց գույքի (այդ թվում՝ իրենց որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության) մասին հայցվող տեղեկության համար ազատվում են վճարից: Օրինակ, գույքի կազմի, գրանցված իրավունքների, սահմանափակումների, որակական և քանակական տվյալների, կադաստրային արժեքի, ինչպես նաև մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի և այլնի վերաբերյալ տեղեկությունը տրամադրվում է անվճար: Բացառություն են կազմում գործարքների կնքման համար տրամադրվող միասնական տեղեկանքը և արագացված կարգով տրամադրվող տեղեկատվությունը: Քանի որ խոսեցինք միասնական տեղեկանքի մասին, հայտնեմ նաև, որ օրենքով սահմանափակվել է դրա ուժի մեջ լինելու ժամկետը՝ սահմանելով 15 աշխատանքային օր: Նշված սահմանափակումն ուղղված է տեղեկանքը տրամադրելուց հետո տվյալ գույքի նկատմամբ հետագայում կիրառվելիք սահմանափակումներին, տվյալ գույքը այլ գույքային իրավունքներով (վարձակալություն, անհատույց օգտագործում, խարդախություններ և այլն) ծանրաբեռնելու հնարավորությունը հնարավորինս բացառելուն:
Օրենքով սահմանվել են նաև համակարգի մատուցած ծառայությունների որոշ վճարների նվազեցումներ, ինչը ճիշտ կլինի ներկայացնել կետերով.
. միևնույն սուբյեկտի կողմից տարվա ընթացքում 100-ից ավելի գույքային միավորների վերաբերյալ տեղեկատվության դեպքում սահմանվել են նվազեցման մեխանիզմներ,
. վկայականի կրկնօրինակի տրամադրումը 7000 դրամից դարձել է 5000 դրամ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերինը` 1000 դրամ,
. կադաստրային քարտեզների տրամադրման վճարը ամբողջ համայնքի կտրվածքով նվազեցվել է շուրջ 10 անգամ,
. հասցեի գրանցման և գրանցված հասցեի փոփոխման գրանցման համար նախատեսված 2000 դրամ գումարն ընդհանրապես հանվել է:
Այս փոփոխությունները միտված են գործարար միջավայրի բարելավմանը, որն այսօր ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկն է: Գործարարի ժամանակի խնայողության նկատառումներից ելնելով՝ սահմանվում է կադաստրի համակարգի մատուցած որոշ ծառայություններ տրամադրել նաև առավել արագացված ընթացակարգով՝ միևնույն օրը՝ երկու ժամվա ընթացքում, կիրառելով արագացման համապատասխան գործակից: Միաժամանակ տեղեկացնեմ, որ մինչև 14.11.2016 թ. գործող օրենքով սահմանված էր պետական գրանցման համար դիմում ներկայացնելու անձանց շրջանակը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջի կատարումը երբեմն անհնար է դառնում իրավատիրոջ կողմից անհրաժեշտ իրավունքը կամ դրա դադարումը միտումնավոր գրանցման չներկայացնելու պատճառով, ուստի օրենքի վերջին փոփոխություններով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնին նման դեպքերում նույնպես հնարավորություն է ընձեռվել դիմում ներկայացնել իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման պետական գրանցման համար: Ցանկանում եմ նշել նաև, որ օրենքով պահպանվել են գործող արտոնությունները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում (ՀՀ կառավարության 17.11.1998 թ. N 713 և 27.11.1998 թ. թվականի N 756 որոշումներ) ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ այդ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայության համար օրենքով սահմանված վճարները գանձվում են 50 %-ի չափով և այդ բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նույն չափով նշված արտոնությունը սահմանվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությամբ: Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, հարկ է նշել, որ այն համապատասխանեցվել է այսօրվա գործող օրենսդրությանը:
-Պարոն Սարգսյան, ըստ էության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումն սկսվեց 2012 թ. հունվարի 1-ից, ձևավորվեցին սպասարկման գրասենյակներ: Ինչպե՞ս կգնահատեք սպասարկման գրասենյակների գործունեության արդյունավետությունը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասով:
-Այո, 2012 թ. համակարգում կատարված բարեփոխումներից հետո ձևավորվեցին սպասարկման գրասենյակներ, որոնք միջանկյալ օղակ են դիմողի և տարածքային ստորաբաժանման միջև: Սպասարկման գրասենյակն է իրականացնում պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի տրամադրումը: Այդ նպատակով հանրապետության բոլոր մարզերում բացվեցին սպասարկման գրասենյակներ (յուրաքանչյուր մարզում՝ 3-4 գրասենյակ), որոնք քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու համար ապահովված են առանձնացված շենքային պայմաններով, անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով և սարքավորումներով: Գործում է խորհրդատուների ինստիտուտը՝ անվճար խորհրդատվություն տրամադրելով դիմողներին, ապահովելով վերջիններիս համար ավելի արագ և դյուրին ծառայությունների մատուցում: Բարեփոխումների գործընթացը սրանով չի ավարտվել, այն կրում է շարունակական բնույթ: Այսպիսով, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն է՛լ ավելի դյուրացնելու նպատակով, սկսած 2015 թվականից, բոլոր նոտարներին հնարավորություն ընձեռվեց էլեկտրոնային համակարգով իրականացնել սպասարկման գրասենյակների գործառույթներ, այդ թվում՝ ավարտական փաստաթղթերի տրամադրում: Ցանկանում եմ առանձնացնել նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում ներդրվեց պիլոտային ծրագիր, և Հայաստանից դուրս գտնվող անձինք ևս հնարավորություն ստացան Հայաստանում առկա անշարժ գույքի վերաբերյալ ստանալ տեղեկատվություն կամ ներկայացնել իրավունքի պետական գրանցման դիմումներ: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև արտերկրի հայաշատ այլ բնակավայրերում ծրագիրը ներդնելու ուղղությամբ:
-Ինչպե՞ս է վերահսկվում սպասարկման գրասենյակների աշխատակիցների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
-Ինչպես արդեն նշեցի, թեև կոմիտեի սպասարկման գրասենյակներին զուգահեռ նոտարներին և կառավարության լիազորած օպերատորներին են վերապահվել որոշ գործառույթներ, այնուամենայնիվ, նշված գործառույթների գերակշիռ մասը իրականացնում են կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակները, ուստի այս ոլորտում առավել որակյալ ծառայություններ մատուցելու մասով անելիքներ ունենք: Այդ նպատակով քաղաքացիներին առավել որակյալ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը հսկելու նպատակով այս տարվանից սպասարկման գրասենյակներում ներդրվեցին էլեկտրոնային էկրաններ, որոնց միջոցով քաղաքացիներին հնարավորություն տրվեց իրականացնելու գրասենյակների աշխատակիցների ռեյտինգային գնահատում, ինչը միտված է բարձրացնելու աշխատակիցների զգոնությունը: Կադաստրի համակարգում, որպես նորամուծություն, նշված գործառույթների շրջանակներում 2016-ին ներդրվել է հերթերի կառավարման նոր՝ բջջային հերթագրման համակարգ, որը հնարավորություն է տալիս առանց սպասարկման գրասենյակ այցելելու բջջային հեռախոսի կամ պլանշետ ներբեռնված հավելվածի միջոցով ստեղծել վիրտուալ կտրոն՝ ընտրելով սպասարկման գրասենյակը, ծառայությունը, ամսաթիվը և սպասարկման ցանկալի ժամը, որը հավաստվում է հաղորդագրության, ինչպես նաև հիշեցման միջոցով: Համակարգը հնարավորություն է տալիս նաև ստանալու քաղաքացու համար սպասարկման ժամի օպտիմալ առաջարկ: Համակարգում գործում է նաև թեժ գիծ՝ քաղաքացիների բարձրացրած բազմաթիվ հարցերին արագ արձագանքելու, խորհրդատվություն տրամադրելու, վերջիններիս հետ կապն առավել արդյունավետ, նրանց առաջարկություններն ու բողոքները ավելի լսելի դարձնելու նպատակով: Իմ անմիջական խիստ հսկողության տակ են քաղաքացիների պատշաճ սպասարկմանն առնչվող խնդիրները, որոնք յուրաքանչյուր շաբաթ ամփոփվում և ներկայացվում են ինձ: Քաղաքացիները կարող են կապ հաստատել նաև իմ օգնականի հետ, որի հեռախոսահամարը զետեղված է մեր կայքում:
Հարցազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ